Սպառողական հասարակության և քաղաքական ազգի մեջ կա կոնցեպտուալ տարբերություն: Մի պարագայում դու սպառում ես կամ մտածում ես սպառել քաղաքական առաջարկը՝ լավ կամ վատ ուսումնասիրելով այն, մյուս պարագայում ինքդ ես դառնում այն քաղաքական գերակայությունների կրողն ու ռետրանսլիատորը, որոնք քեզ և երկրիդ համար կարևոր և սկզբունքային են: Այսօր մեր հասարակության մի մասը, որն ապրում և ապրելու է այս երկրում, առայժմ ազգային գերակայությունների սկզբունքներին վերաբերվում է սովորական սպառողի, գնորդի հոգեբանությամբ, ով կամ կգնի ու կսպառի այն, կամ այլ բան կգնի, որն ավելի մատչելի է, հեշտ և հրապուրիչ` հետո ընկալելով, որ մատչելին և հեշտը անորակ էին և վնասակար:
Ժամանակը ցույց է տալիս, որ ստեղծված իրավիճակում ընտրության հարց այլևս չկա, այլ կա գոյության հարց և գոյության երկու ճանապարհ:
1. Ընդունել գոյության սպառնալիքն ու դիմակայել: Պայքարել պատվով, խելքով, եթե կուզեք, անհաշտ կռվով: Եթե մեր մեջ ներարկել են վախ, ինչ-որ բանից, իսկ մեր դեպքում դա պատերազմն է, ուրեմն վախը պետք է հաղթահարել բաց ու ձիգ կեցվացքով և ոչ մի պարագայում թուլանալով: Պատերազմից կարելի է խուսափել: Պատերազմից պետք է վախենալ` հասկանալով գինը: Պատերազմի կարելի է գործը չհասցնել: Բայց մեզ պարտադրվածը լոկ պատերազմ չէ, որից կարելի է խուսափել, և մեզ առաջարկվող «հանձնվելը» խուսափում չէ: Մեզ պարտադրվածը հայրենական պատերազմ է, որի այլընտրանքը ոչ թե խաղաղությունն է, այլ դանդաղ վերացումը: Հայրենական պատերազմից ոչ խուսափել է հնարավոր, ոչ վախենալ է պետք, ոչ էլ չգնալու հնարավորություն կա, որովհետև հայրենական պատերազմն այլընտրանք չունի` կամ կռվում ես հողիդ, տանդ, սերնդիդ, ծնողներիդ, ընտանիքիդ, երկրիդ, կերպիդ ու տեսակիդ պահպանման համար, կամ այդ ամենը վերանում է: Ավելի կոնկրետ ասած` այդ պատերազմը չի վերջացել, որ սկսվի, այն ընթանում է:
2. Ազատվել քաղաքական պատանդի կարգավիճակից:
Մենք ու մեր երկիրը պատանդի կարգավիճակում ենք: Սա մի շղթա է, որը ձևավորվել է մեր երկրից դուրս, հետո շրջապատել երկիրը և փակվել, իսկ շղթայի փականն ու բանալիները երկրից դուրս են, բայց այդ շղթայի անձեռնմխելիության համար այն դրսից կապողները ունեն ներսում պատասխանատու, ում շատ հեշտ կառավարում և ուղղորդում են: Կարելի է ասել, որ նույնիսկ կապողներն են զարմացած այդ ներսի պատասխանատուի ՕԳԳ-ից, որը քանդ ու քարափ է անում ներսում ամեն բան, բացի երկրի պատանդառուի շղթաներից: Ավելին, այդ շղթաներն ու պատասխանատուն այնքան են հարազատացել և միահյուսվել, որ թե՛ սպառողական հասարակության, և թե՛ քաղաքական ազգի շահերին հակասում են ամբողջությամբ: Չլինի պատասխանատուն, չի լինի նաև շղթան:
Թե՛ շղթան, թե՛ շղթան գցողը, թե՛ շղթայի անվտանգության պատասխանատուն մեկ և նույն խնդիրն են և ենթակա են լուծման՝ թե՛ սպառողական հասարակության ներկայացուցիչների, և թե՛ քաղաքական ազգի ներկայացուցիչների կողմից, իսկ պատասխանատուն ո՛չ առաջինի, ո՛չ էլ, առավել ևս, երկրորդի պատկերացումների և հավատամքի շրջանակներում չի կարողանում այլևս տեղավորվել:
P.S. Համոզված եղեք, որ երկրում բան է փոխվել, և դա առաջինը սկսել է զգալ շղթայի պատասխանատուն: Դա է պատճառը, որ շղթայի ներքին պատասխանատուի հանձնառությունների իրագործման արագությունները բարձրացվել են, որովհետև առաքելությունն ու հանձնառությունը կարող են ձախողվել:
Վլադիմիր Մարտիրոսյան